Քաղաքական

«Մի քանի խումբ խնդիրներ են վերհանվել». քաղշինի նախագահը՝ դպրոցներում շինարարության մասին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով դպրոցների կառուցման-վերակառուցման ծրագրերին, հիշեց, որ այս տարվա հունվարին, երբ այցելել էր Լոռու, այնուհետ՝ Արմավիրի մարզեր, վերադառնալուց անմիջապես հետո փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին է հրավիրել և հարցրել՝ կարո՞ղ է՝ այս ծրագիրը պետք է դադարեցնել․

«Հետո քննարկել ենք ԿԳՄՍ նախարարի հետ, իհարկե, մի քիչ էմոցիոնալ։ Մտածել ենք, որ դադարեցրին, հետո ինչ, դրանից ինչ է փոխվելու։ Պրոբլեմներն ի ցույց ենք դնում, դա պրոբլեմների մի մասն է ընդամենը։ Մենք պրոբլեմներ ունենք նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարության, գնումների փուլում. բոլոր փուլերում պրոբլեմներ ունենք։ Պլանավորման փուլում էլ ունենք պրոբլեմներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով Էջմիածնի դեպքը, երբ սպորտդահլիճը շահագործման է հանձնվել, բայց դպրոցը պետք էր քանդել, նորից սարքել։

Այս համատեքստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ասաց, որ այս ընթացքում իրականացրել է շրջայց որոշ դպրոցներում և մարզադպրոցներում, հանդիպումներ ունեցել շինարարների և նախագծողների հետ. «Մի քանի խումբ խնդիրներ են վերհանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին»։

Վարդանյանի խոսքով՝ դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ, որոնք կուղարկվեն շինարարության մեջ գտնվող օբյեկտներին, որպեսզի վաղօրոք շտկվեն այդ խնդիրները, բայց այս պահին կենտրոնացել են առաջիկա երկու ամսում հանձնվող շինարարական օբյեկտների վրա։