Հասարակություն

«Անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր լուծում գտնել». Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման նախագծի ընդունումը պայմանավորված է 2024թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ». այս մասին այսօր գործադիրի նիստում հարցի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում 2023թ. ապահովագրվել էին ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կեռաս, խնձոր, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան-գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ «Ապահովագրվող ռիսկերն էին գարնանային ցրտահարությունը, երաշտը և կարկուտը։ 2023թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11 662 հա հողատարածք։ Ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1.8 մլրդ դրամ, տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ մոտավորապես 2.7 մլրդ դրամի չափով»։

Նախարարը նշեց, որ 2024թ., պայմանավորված գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը. «Այդ է պատճառը, որ այս տարի ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց։ Անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել, վերափոխել ծրագրի մոտեցումները։ Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունն ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը՝ աջակցելով նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով»։

Մանրամասները՝ տեսանյութում