Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե սահմանագծման ոչ մի սցենարով Կիրանց գյուղի բնակիչը ստիպված չի լինելու Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել։ Նա շեշտել է, որ Կիրանցն ու Ոսկեպարը ոչ թե սահմանին են, այլ՝ շփման գծի մոտ. «Տասնյակ մետրերով տարբերություն է տալիս բուն իմաստով»։
«Եթե սահմանազատումը և մյուս քայլերը չեն երաշխավորում ՀՀ անվտանգությունն ու Ադրբեջանի չհարձակվելը, ճիշտ չէ՞ արդյոք, որ կռիվը սկսվի 2 կմ, այլ ոչ թե 200 մետր հեռավորությունից»,- հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Վարչապետն էլ պատասխանել է, թե ինքը խոսել է՝ ինչ պետք է անել, որ երաշխավորվի խաղաղությունը, ու դրա համար ճանապարհ կա անցնելու. «Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը որոշիչ լինի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել։ Կամ քարը պարսատիկով որ շպրտես, 50 մետր այս կողմ ընկնել։ Իրականում այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերով թիրախ խոցելու խնդիր չկա»։ Ըստ Փաշինյանի՝ Տավուշի մարզի գյուղեր կան, որ Ադրբեջանի բնակավայրերից մետրերի վրա են, նույնը՝ նաև Վայոց ձորի մարզում։