«Երեկ լսեցի՝ համացանցում այսպիսի բան էր գնում, որ սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է ԶՈւ գլխավոր շտաբը։ Ես կարծում եմ, որ դա բացահայտ սուտ է». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանն՝ անդրադառնալով Տավուշին սահմանակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ հարցին։
Նրա դիտարկմամբ՝ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը. «Նրանք պետք է հասկանան, որ Տավուշում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավական բարձր մակարդակի են և տարիների ընթացքում ձևավորվել են հենց Տավուշի անվտանգության համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ այդ գյուղերը հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ։ Միևնույն ժամանակ, բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ խոսել, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են՝ այն պայմաններում, որ այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի տարածքներում, սխալ է։ Բաքուն զավթել է Հայաստանի՝ շուրջ 220 կմ2 տարածք։ Դա խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում՝ ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում»։