ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ փակ նիստից։
Նրա խոսքերով՝ իշխող խմբակցության ներկայացուցիչների տրամադրվածությունից ակնհայտ է, որ դեմ են լինելու ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին․
«Ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանագծման և սահմանազատման աշխատանք չկա, իրականում ՀՀ-Ադրբեջան բանակցություններ չկան, կա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացվող նոր կապիտուլյացիայի պահանջներ, որոնց այս իշխանությունը մտադիր է առնվազն տեղիք տալ և գնալ նոր կապիտուլյացիայի»,- ասել է նա։
Ըստ Սաղաթելյանի՝ «Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ, պատրաստ չէ լիարժեք սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների, և դա հիմնավորում են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներով»․
«Մեկ անգամ ևս արձանագրեցինք, որ այդ տարածքները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, այդ տարածքները զիջելով ունենում ենք լրջագույն խնդիրներ, դրանով փլուզվելու է մեր ողջ պաշտպանական համակարգը, և այդ ճանապարհով գնալու դեպքում ՀՀ-ն կանգնելու է նոր ծանր անվտանգային ճգնաժամի առջև։
Մենք հարցերը բարձրացրինք, իրենք ասացին, որ այդ հարցերը հաշվի առնելու են»,- նշել է նա։
Սաղաթելյանը նաև ասել է. «Պատերազմով վախեցնելու սպառնալիքը մշտապես այս դահլիճում հնչեցվել է ԱԳ նախարարի կողմից, որ նման վտանգ կա»։