ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ բանակցությունները հստակ միջազգային ձևաչափով տեղի չեն ունենում։ Ըստ նրա՝ բանավոր խոսակցությունները զուգորդվում են նաև սահմանային լարվածություններով, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ և անընդհատ զիջումներով հասնեն իրենց նպատակին։
Հարցին՝ խնդիրը այդ 4 գյուղե՞րն են, թե՞ ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն ադրբեջանցիները, պատգամավորն ասել է. «Իհարկե, հեռու գնացող է։ Իրենք երբեք էլ կանգ չեն առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքն է դա հաստատել, որ մենք պատրաստ ենք զիջել, պարզապես չգիտենք՝ մինչև որտեղ, որ իրենց բավարարենք։ Ես գիտեմ՝ ինչքան պետք է զիջել, որ իրենց բավարարենք․ մինչևն հայկական ինքնության վերացումը և Հայաստանի վերածումը Արևմտյան Ադրբեջանի. սա է իրենց ուզածը»։
Ռուստամյանը չի բացառել, որ այս անգամ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնամասշտաբ հարձակման գնա, որպեսզի միանգամից խնդիրը լուծի»։
Նրա խոսքով՝ այս անգամ Ադրբեջանի նպատակը շատ ավելի գլոբալ է․ «Եվ այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել։ Երբ ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ նաև զորքով»։