Քաղաքական

«Որ նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է թանկացրել բոլորիս կյանքը». վարչապետ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական ստանդարտացման ծրագրին․

«Ջուրը կամ բադրիջանի խավիարը եթե ստանդարտին համապատասխան չլինի, մեր արտադրողները չեն կարող արտահանել ԵՄ շուկա կամ ԱՄՆ, Ավստրալիա և այլն։ Բայց պետք է հասկանալ՝ ԵՄ-ում այդ ստանդարտն ինչու է այդպես սահմանվել։ Ջրի ստանդարտը որ այդպես է սահմանվել, ինչո՞ւ է այդպես արվել, ոչ թե հակառակը»։

Ըստ նրա, ջուրը ստանդարտացվում է, որպեսզի հնարավոր լինի արտահանել եվրոպական շուկա. «Բայց մեր ժողովուրդը որ այդպես խմում է, ասում ենք՝ ոչինչ, մեր ինչի՞ն է պետք, թող ֆոսֆորը նորմայից 100 անգամ ավել լինի։ Նույնը՝ բադրիջանի խավիարի մեջ, մսի մեջ և այլն։ Մենք անում ենք դա, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկիս չի հետաքրքրում։ Իսկ չի հետաքրքրում, որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել։ Եւ ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք։ Օրինակ, գնաճի նկատմամբ մեր վերաբերմունքը ճշգրտենք»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ինչ որակի պետություն, հանրություն և կյանք ենք ուզում. «Այն, որ հիմա բոլորս նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ, և դա թանկացրել է բոլորիս կյանքը, որովհետև, հազար ներողություն, կարող էինք գալ չստերով, սպորտային համազգեստով և այլն։ Բայց հանրությունը հեռուստատեսությամբ այդ պատկերը տեսներ, ի՞նչ մտածեր»։

Նա նաև նշել է, թե ստանդարտացման արդյունքում, օրինակ, խոզի միսը կթանկանա․ «Բայց իրականում կթանկանա, որովհետև կավելանա անվտանգության կոմպոնենտ, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ, և տեղի կունենա խնայողություն՝ ի հաշիվ ապագա այն ռիսկի, որ կարող էին թունավորվել, գնային վերակենդանացման բաժանմունք, 3 օր պառկեին սիստեմների տակ։ Այսինքն, ստանդարտը իրականում դրա մասին է»։