Քաղաքական

«Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է նախորդ ճեպազրույցներից մեկում արած հայտարարությանը, թե ինքը տեսնում էր, որ արհավիրք է մոտենում, դա էլ իրեն դրդել էր կրկին առաջադրվել։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ դեպքում նա կարող էր մարդ ուղարկել ու հայտնել արհավիրքի մասին․

«Ես կարծում եմ, որ որևէ մեկը չի զարմանա, եթե մեկ անգամ ևս ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է։ Նախ, միայն այդ չէր ասել։ Նա նախ զրպարտել էր ինձ այն առումով, թե իբր ես ինչ-որ կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել։ Բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց և պահանջեց, որ այդ «նամակները» հրապարակվեն։ Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան չէր եղել։ Երկրորդ․ երևի ճիշտ ասացիք՝ հիվանդ գլխից առողջ գլուխ տեղափոխելու մասին։ Բայց ես մի քիչ այլ առումով կասեմ՝ ես մի քանի անգամ եմ ասել, հիմա էլ կրկնեմ, որ արհավիրքն իր իշխանությքան գալն է, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր։ Իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, այդ արհավիրքի հետևանքներն էին»,- ասել է նա։ 

Սարգսյանը նաև հավելել է. «Ցանկանում եմ մի քանի օրինակներ էլ բերել, և տեսնենք՝ արդյո՞ք ես զգուշացրել եմ ռազմական գործողությունների, պրոբլեմների մասին, թե՞ ոչ։ Առաջին անգամ, երբ ինքը և մեր ժողովուրդը զգուշացվել են ապրիլի 17-ին, երբ ընտրվել եմ վարչապետ, երբ ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Ակնհայտ է, որ դրանից հետո բացատրեցի, թե ինչումն է խնդիրը։ Եվ իրենք, ոնց որ, սկզբից դա չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրել ողջ կոնտեքստից, մեջբերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ Այնուհետ ռազմական գործողություններից՝ 44-օրյա պատերազմից հետո կուրծք ծեծել, թե տեսնում եք՝ ասել էր, որ ռազմական գործողություններ են լինելու, պատ է լինելու և այլն, և այլն։ Իսկ հիմա ասում են՝ չենք զգուշացրել։

Իսկ երկրորդ անգամ անձամբ իրեն եմ զգուշացրել՝ վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել։ Բնականաբար, անմիջապես, ինքն իր բնույթի համաձայն, շուռ տվեց ամբողջ ասածը, էլի տարավ այնտեղ, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին։ Այն ժամանակ էր ինձ ակնհայտ, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, իսկ ունենալով այդպիսի ներքաղաքական իրավիճակ՝ Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողության ժամանակ։ 

Հաջորդ զգուշացումը ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ առաջադրվել էր վարչապետ և մեր խմբակցության պատգամավորները նրան ուղիղ ասում էին, որ չի կարող կառավարել, ղեկավարել Հայաստանը, որ չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ։ Դա էլի ինքը չընդունեց, չընկալեց։

Հաջորդ հիշեցումը շատ ուղիղ տեքստով եղել է 2020թ. մարտին, երբ նա Վայոց ձորում ՔՈՎԻԴ-ը խեղդում էր արաղով և բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա եթե մենք չենք զգուշացրել, չենք ասել, այդ բառերը որտեղի՞ց։

Ինչ վերաբերում էր ասածին, թե կար մարդ, ով և ինձ հետ  էր շփվում, և իր հետ էր շփվում, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ, չեմ ուզում ուղղակի անունը տալ։ Թող ինքը ուղղակի հիշի՝ այդ մարդուն, նրա քաղաքական թիմին ինքն ինչ էր ասում 2019թ․ վերջին և 2020թ․ սկզբին։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին ենք կանգնած, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց պարզվեց՝ այդ մարդկանց թիկունքին կանգնել է, որ թիկունքից հարվածի»։