ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե Ադրբեջանին պատկանող տարածքներն են տրվելու իրենց, որը հայկական է՝ ղմնալու է Հայաստանին։ Անդրադառնալով Տավուշին հարակից գյուղերի վերադարձի դեպքում սահմանամերձ գյուղերի հաղորդակցությանը՝ նա նշել է. «Ճանապարհի հարցն է լուծվելու, բոլոր հարցերը լուծվելու են։ Ինժեներական լուծումների խնդիր է՝ որ ճանապարհը որտեղով գցեն, որ անվտանգ լինի, հարմարավետ լինի»։
Նա նաև նշել է, որ ՀՍՍՀ քարտեզով է արվելու դելիմիտացիան. «Հայաստանի 1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդի կողմը։ Նման բան չի կարող լինել։ Միայն հանրաքվեով կարող է հողերի փոխանակում լինել»։
Ըստ նրա՝ աշխարհը Հայաստանի քարտեզը ճանաչել է Ալմա–Աթայի հռչակագրով։ Նա վստահեցրել է՝ երկրի պետական սահմանը, որ ճանաչվել է 1991թ., ոչ մի միլիմետր չի փոխվի։
Պատգամավորի խոսքով՝ մեծ խնդիր է եղել Ադրբեջանին բանակցային դաշտ բերելը, մինչ այդ եղել է ռազմական գործողությունների վտանգ. «Մի դրական բան եղավ, որ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի։ Բանակցությունները սկսվեցին։ Ադրբեջանը առաջարկել է սկսել հյուսիսային սահմաններից։ Սկսել ենք, հյուսիսային սահմաններից գալիս ենք, ու որտեղ ինչ խնդրահարույց հարց կա, լուծելով գալիս ենք՝ մինչև Սյունիք, մինչև Մեղրի»։