Քաղաքական

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը». պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը։ Նա հիշեցրել է, որ ապրիլի 1-ին հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից առաջ ռուսական տելեգրամ ալիքներում հրապարակումներ եղան զորքերի իբր տեղաշարժի, իբր նախահարձակ լինելու մասին հաղորդագրություններ․ «Սա կապում եմ նախ և առաջ ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց նաև՝ մեզ համար խորթ չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ձեռագիրը՝ ամեն անգամ հարձակողական, սադրիչ գործողություններից առաջ կեղծ լուրեր տարածել, որ լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումների համար»։ Ըստ նրա, ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացրել են՝ ցույց տալով, որ Ադրբեջանը ստում է։

Նա ասել է, թե Ադրբեջանը չի ձգտում խաղաղության. «Ոչ մեկը երբևէ չի ասել, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության։ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, այլ ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը»։ Նա նշել է, թե Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ուղիով, պարտադրելու է խաղաղություն. «Ադրբեջանին պետք է ստիպել, որ վերադառնա կառուցողական դաշտ, հաշվի նստի այն հանգամանքների հետ, որոնց հետ պետք է հաշվի նստի։ Հաշվի նստի, որ ՀՀ-ն ինքնիշխան, սուվերեն, ժողովրդավարական երկիր է, հաշվի նստի իր դաշնակիցների հետ միասին»։

Հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ-ն ստիպելու Ադրբեջանին, եթե չի կարողանում պարտադրել, որ երկրի տարածքից զորքերը դուրս բերի, Խաչատրյանն ասել է. «Ամեն ինչ իր փուլերի մեջ է․ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռազմական բալանսն էականորեն խախտվեց։ Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքերից։ Ադրբեջանը միջազգային և այլ իրավունքների դաշտերում շատ քիչ է շահերը փորձում առաջ տանել, նա խոսում է ուժի դիրքերից։ Բալանսը խախտվել է, և նա դրանից օգտվում է»։