Քաղաքական

«Տնտեսական բոլոր ձեռքբերումները ունեցել ենք ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում». Վաղարշակ Հակոբյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, թե Հայաստանը դիտարկում է շուկաների դիվերսիֆիկացիայի հարցը, որ չունենանք մի կետից կախվածություն. «Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մի կետից կախվածությունը չդառնա այլ կետից կախվածություն»։

Հակոբյանը նշել է, թե այդ պրոցեսը չպետք է դիտարկել հակադրությունների մեջ. «ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, բայց մենք ԵՄ հետ ունենք շատ լավ հարաբերություններ»։

Պատգամավորի խոսքով՝ երբ Հայաստանը որևէ երկրի հետ իր հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ․ «ՀՀ-ն բավական բարդ իրավիճակում է, ունենք լուրջ խնդիրներ՝ անվտանգային միջավայրի հետ կապված։ Ունենք բանակցային պրոցես, որ ամեն կերպ փորձում ենք առաջ տանել խաղաղության գործընթացի շրջանակներում։ Եւ ամեն անգամ մեզ փորձում են սադրել»,- ասել է նա՝ հավելելով, որ փորձում են սադրել թե ներսից, թե դրսից։ 

Նա նշել է, թե պետք է իրավիճակը սթափ գնահատել, լինել լայնախոհ և շարժվել ՀՀ պետական շահին համապատասխան․ «ՀՀ պետական շահը պահանջում է, որ մենք ապրիլի 5-ին լինենք այնտեղ՝ Բրյուսելում, պետության ղեկավարը ներկա գտնվի հանդիպմանը։ Թե ինչ արդյունքներ կունենա հանդիպումը, կկարողանանք գնահատել դրանից հետո։ Ես կարծում եմ՝ ՀՀ-ին և մեր իշխանությանը ընձեռնված է հնարավորություն՝ ԵՄ և արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման իմաստով։ Եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործենք ի նպաստ ՀՀ-ի և հայ ժողովրդի։ Բայց ես ուզում եմ նաև նշել, որ ՀՀ-ն վերջին մի քանի տարում հսկայական տնտեսական աճ է ապահովել։ Եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ ունեցանք 12.4% տնտեսական աճ, որ ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում առաջատարներից էր։ Եւ այս բոլոր ձեռքբերումները ունեցել ենք ԵԱՏՄ մաքսային միության անդամակցության շրջանակներում։ Սա իրականություն է, որի մասին պետք է խոսենք»,- նշել է նա՝ հավելելով, որ երբ նշում ենք արտահանման ու ներմուծման ոլորտում աճի մասին, սա նաև ԵԱՏՄ անդամակցության էֆեկտիվության շնորհիվ է։ 

«Երբ ՀՀ-ն որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, վստահեցնում եմ, ուղղված չէ այլ երկրի դեմ, առավել ևս՝ մեր դաշնակից ՌԴ դեմ։ Նման բան չկա»։