Քաղաքական

«Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար»․ վարչապետ

Խաղաղության մեր օրակարգի առիթով մեզ հայհոյում են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ նաև բազում ստեր են ասում, որոնցից ամենաարտահայտիչն այն է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի 4 գյուղ հանձնել Ադրբեջանին։ 

«Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար։ Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս հավակնություն չունի՝ ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա»,- նշել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը ոչ թե պատերազմի առիթ է փնտրում, այլ իսկապես ուզում է սահմանի ճշգրտման գնալ, ՀՀ-ն դրան պատրաստ է։ 

«Մեր խնդիրն է հասնել նրան, որ վերահաստատենք, այդ թվում՝ Ադրբեջանը ճանաչի ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը։ Բայց տեսնում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքական ուժեր իրենք չեն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասել է Փաշինյանը։