ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրության փոփոխություններին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանն ասել է, թե վարչապետը հանրային քննարկման է բերել նոր գաղափարներ․
«Մենք ունենք նախնական նոր հայեցակարգ, որն ուղարկել ենք կառավարություն, այժմ սպասում ենք վարչապետի ու հանձնաժողովի, սահմանադրական խորհրդի հանդիպմանը, որից հետ հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք` արդյո՞ք մեր ուղղություններում փոփոխություններ են տեղի ունենում, և ինչ ենք նախատեսում»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ սահմանադրության նախաբանի վերաբերյալ դեռևս քննարկում չի եղել. «Բացի այն հատվածից, որ մամուլով եղել է, այլ քննարկումներ չեն եղել, իսկ գաղափարական մտագրոհների արդյունքում, թե ինչ նոր ուղղություններ ենք նախատեսելու, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձեզ կներկայացնի»,- ասել է նա։
Ըստ Մինասյանի, իրականացվում են ներքին աշխատանքներ. «Այն հոդվածները, որոնց մեջ մենք խնդիրներ ենք արձանագրել, այս պահին իրականացվում է ներքին մոնիթորինգ ու վերլուծություն, բայց բուն սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մեկ անգամ է հավաքվել, և որոշել ենք քննարկել վարչապետի առաջարկները»։