Քաղաքական

«Մենք այսօր պետք է որոշենք, թե վաղվա պատմությունն ինչ գույնի է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ ակտիվի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․

«Հիմա, ինչ-որ առումով, մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել։ Մեր էն նախորդ 30 տարին նրա մասին են, որ մենք էլ, իրենց արած էն նախորդի հետ կապված, համարել ենք, որ արդարացվածություն ունենք․ նրանք՝ իրենց հերթին, մենք՝ մեր հերթին։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ալիքը պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին հնարավորություն տանք ապրել խաղաղ, հանգիստ, երջանիկ»,- ասել է նա։ 

Վարչապետը կարևորել է նիհիլիզմի մեջ չընկնելն ու մեր ինքնությունը պահպանելը․ «Ուժեղանում են այն ազգերն ու պետությունները, որ ասում են՝ էս մեր թերություններն են, որ ուզենք էլ՝ չենք կարող վերացնել, պետք էլ չի։ Կարող ենք առավելություններն ուժեղացնել, որ թերությունները այդքան ուժեղ չերևան»,- նշել է նա։

Ըստ Փաշինյանի՝ պետք է կառուցել վաղվա պատմությունը, և այսօր պետք է որոշել, թե վաղվա պատմությունն ինչ գույնի է․ «Մենք պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի, որովհետև այդ գույնից բոլորս հոգնել ենք»։