Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- ասվում է հաղորդագրությունում: