Քաղաքական

Կիպրոսի ԱԳ նախարարը հյուրընկալվել է ԱԺ-ում

Կիպրոսի ԱԳ նախարարը հյուրընկալվել է ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը և հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջև ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:

Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու և հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաև միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարևորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական