32 տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ անդամ։ Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
1992 թ. հունվարի 23-ին իր 3035-րդ նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ելնելով իր օրակարգից և գործող ընթացակարգի 59-րդ կետից, ուսումնասիրման և զեկույցի պատրաստման նպատակով, որոշեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի քննարկմանը հանձնել Հայաստանի Հանրապետության դիմումը:
Իսկ մի քանի օր անց՝ հունվարի 29-ին 3041-րդ նիստի ժամանակ Խորհուրդը քննարկեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի զեկույցը Հայաստանի Հանրապետության դիմումի վերաբերյալ` Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցության խնդրանքով:
Արդեն 1992 թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի նիստում որոշվեց՝ ընդունել Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ-ի մեջ:
ՄԱԿ կենտրոնակայանի մոտ բարձրացվեց ՀՀ դրոշը։ Արարողությանը ներկա էին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, որ ավելի ուշ դարձավ ՀՀ ԱԳ նախարար։ Այնտեղ էր հետագայում ՀՀ վարչապետ, ապա նախագահ Արմեն Սարգսյանը, որ այդ օրերին համատեղության կարգով դեսպան էր ՄԹ-ում և եվրոպական երկներում։
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր գրքում պատմում է. «Ամբոխներ չկային, այնտեղ նույնիսկ հազար մարդ չէր հավաքվել: 1992-ի մարտի 2-ին, երբ ինը նորանկախ պետություն պետք է պաշտոնապես անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջապատող պարսպի մոտ հավաքված էին տարբեր ծագում ունեցող ամերիկացիներ, որոնք սպասում էին, որ ինը նոր դրոշ է վեր խոյանալու:
Կատարվել էր անհավանական մի բան՝ մի քանի ամիս առաջ Խորհրդային Միությունն էր փլուզվել՝ վերջնականապես և պաշտոնապես: Իսկ մարտի 2-ին ՄԱԿ-ը պատրաստվում էր ազգերի միջազգային ընտանիքի գիրկն առնել տասնհինգ հանրապետություններից ութին:
Նյու Յորքի Առաջին ավենյուն լի էր մարդկանցով, որոնք ցանկանում էին ականատես լինել կարճ արարողությանը, որ պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի շենքի մոտ և տեսնել, թե ինչպես են Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Սան Մարինոն դառնում մեծ ընտանիքի անդամներ: Վրաստանը պետք է անդամակցեր հուլիսին, Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, ինչպես նաև բալթյան երկրները, արդեն անդամներ էին:...
Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց հայերեն: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն՝ առաջինը՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, և երկրորդը՝ թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության պատերի ներքո հնչեց հայերենը»։
Պատրաստեց Արման Գալոյանը