Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները հարկելուն, ասել է, թե այդ օրինագիծը առնվազն մեկ տասնամյակ է՝ կա. «Մինչև հիմա ԱՊՀ երկրներն իրար հետ տեղեկությունների փոխանակման գործող համակարգ չեն ունեցել, որ տեղեկություն տան իրենց քաղաքացիների աշխատելու տվյալների վերաբերյալ։ Այդ համակարգը վերջերս է գործարկվել»։
Փաշինյանը նշել է, որ այդ օրենքը մինչև հիմա չի գործել, քանի որ մեխանիզմներ չեն եղել. «Ոչ մի քաղաքացու նկատմամբ վարչական հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել։ Ընդամենը քաղաքացիներին իրազեկվել է առկա օրենքի մասին»։
Ըստ Փաշինյանի՝ կառավարությունն, ի պատասխան քաղաքացիների արձագանքի, փորձել է ներկայացնել օրենքի գործունեության տրամաբանությունը. «Խոսքը Հայաստանի քաղաքացիների ու օրենսդրության հետ նրանց ունեցած հարաբերությունների մասին է»։
Նա շեշտել է, որ պետք է հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխել. «Եթե քաղաքացին մտածում է, որ փողը իր ձեռքից կառավարությունը խլում է, սխալ ընկալում է»։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության մոտիվացիան երկրի և քաղաքացու նկատմամբ տածած սերն է. «Մենք սա անում ենք, որ մեր պետության ապագայի վերաբերյալ ձեռք բերենք կոնսենսուս, ու եթե գնանք շատ սովորական տրամաբանությամբ, թե՝ այստեղ շրջանցենք, այնտեղ շրջանցենք, հարցերին չառերեսվենք, մարդկանց հետ չխոսենք, շատ բարդ, ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք»։