«Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին, որ իրենցից հարկի գումար է պահվել արտասահմանում, օրինակ, Ռուսաստանում, և դրույքաչափերի տարբերությունը, որը կազմում է 7%, ենթակա է վճարման Հայաստանում, այդ մասով փոփոխություն ենք անում։ Օբյեկտիվ դժգոհությունների մի մասը վերաբերում էր տույժերի հաշվարկմանը․ տարիներ շարունակ սովոր չեն եղել, որ այդ գումարը ենթակա է հայտարարագրման և վճարման, այդ իսկ պատճառով հաշվի ենք առել իրենց կարծիքը և ազատում ենք այդ պարտավորությունից». լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե հայտարարում էիք՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», ՊԵԿ նախագահը հարցրեց՝ ինչ կապ ունի այդ միտքը քննարկվող հարցի հետ. «Դուք հարկն ու տուգանքը նույնականացնու՞մ եք իրար հետ։ Մենք չենք կարող տուգանք և հարկ բառերը իրար կողք դնել, այդ արտահայտությունը վկայակոչել և դրա շուրջ միտք կառուցել»։