ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը վայր է դրել մանդատը։
ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Պապոյանի հրաժարականի դիմումի մասին. «ԱԺ կանոնակարգի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ կանոնակարգի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում դիմումը, ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում, նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Ավելի վաղ Գևորգ Պապոյանը, ում թեկնածությունը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել.
«ԱԺ կանոնակարգն ԱԺ պատգամավորին տալիս է յոթնօրյա ժամկետ։ Այսօր մանդատս դրել եմ, ենթադրում եմ՝ ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն կանի։ Դրանից հետո յոթնօրյա ժամկետ կա, և երբ արդեն պաշտոնապես լիազորություններս դադարեցված լինեն, այդ պահից հետո նոր հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասել է նա։