ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մեկ ամյակի առթիվ ելույթում հայտարարել է, թե անընդունելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները. «Եւ աջակցում ենք առաքելությանը՝ իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով,- «Առաքելությունը տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակներում և կարևոր գործառույթ է իրականացնում՝ դիտարկելու ՀՀ-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը ողջ երկայնքով։
Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանն ու կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկությունն ապահովելու համար»։
Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է Ներքին Հանդում վերջին միջադեպին։ Ըստ նրա, ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այլ միայն ՌԴ-ն է ներկա. «Եւ ՌԴ-ն չի կարողացել կանխել միջադեպը։ Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»։