Լրագրողների հետ ճեպազրույցում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե 2018թ. իր դեմ բողոքի ալիքը չի հասունացել վարչապետի պաշտոնում առաջադրվելու պատճառով. «Դրանից չի հասունացել։ Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, և իմ այդ որոշումով փորձել եմ էդ արհավիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից։ Բոլոր այն մարդիկ, որ պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»։
Սերժ Սարգսյանը հավելել է, որ ինքը 2018-ին չի ձգտել դառնալ վարչապետ. «Ես չեմ ձգտել։ Դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ… Դրդեց․ ես տեսնում էի՝ արհավիրք է մոտենում։ Դա դրդեց»։
Դիտարկմանը՝ դուք եթե չառաջադրվեիք, միգուցե 2018թ. հեղափոխությունը տեղի չունենար, նա հակադարձել է. «Իսկ դու որտեղի՞ց գիտես։ Դու բաժա՞կ ես նայել»։
Հարցին՝ միգուցե պետք էր ժողովրդին այդ մասին ասե՞լ, նա արձագանքել է. «Ես բազաթիվ ելույթներում դրա մասին ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում իմ ելույթում, որ սրանք փորձել են այն օգտագործել որպես իրենց կողմից հաղթաթուղթ։ Այո, ես ասել եմ։ Ասելը էլ ինչպե՞ս է լինում, հո պոզով-պոչով չի՞ լինում»։