Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 2 ℃

Рус Eng

Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին. փոխնախարար

Քաղաքական

12 Փետրվարի, 12:02

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքում լիարժեք վերականգնվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

«Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։ Այցը ընդգրկուն էր թե՛ ոլորտային, թե՛ քաղաքական երկխոսության առումով։ Կցանկանայի նշել այն կարևորությունը, որ մենք տալիս ենք այս ամենին Եվրամիության հետ գործընկերության առումով․ Հունգարիան հուլիսից ստանձնում է Եվրամիության խորհրդի նախագահությունը, և այդ առումով այդ երկրի դիրքորոշումը շատ կարևոր է մեր գործընկերությունը Եվրամիության հետ խորացնելու, ընդլայնելու տեսանկյունից։

Բացի այդ, մի շարք կարևոր ոլորտային համագործակցության եզրեր քննարկվեցին։ Առողջապահական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր ներգրավված, կրթության ոլորտում՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, եղան նաև հանդիպումներ արտգործնախարարության գործընկերների հետ, Հունգարիայի խորհրդարանի անդամների հետ ունեցանք հանդիպումներ»,- ասել է Հովհաննիսյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով հունգարական կողմի հետաքրքրությունը, հայկական կողմը նաև ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

«Հունգարիան կարևորում է էներգետիկ և տրանսպորտային նախագծերը Հարավային Կովկասում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր հարևան երկրների հետ։ Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերը շատ կարևոր էին մեզ համար, և այցը հասավ իր նպատակին»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու համար մի շարք քայլեր է իրականացրել։

«Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել է ռազմագերիների վերադարձի հարցում, համավարակի ընթացքում ուղարկել է հումանիտար օգնություն․ այդ ամենը վկայում է, որ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և փորձում է վերականգնել հարաբերություններն այն հարուստ պատմական կապերի հիման վրա, որոնք գոյություն ունեն։ Չէ՞ որ Հունգարիայում գտնվում է ամենահին հայկական համայնքներից մեկը։ Հունգարիայում հայ համայնքը օժտված է մի շարք առավելություններով՝ ունենք ներկայացուցչություն խորհրդարանում, Բուդապեշտում վերականգնվել է հայկական եկեղեցին։ Քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի շատ զգայուն մոտեցումը նույնպես համահունչ է մեր մոտեցումներին։ Այդ ամենը հիմք է ստեղծում հավատալու, որ անկեղծ ցանկություն կար հաղթահարելու այդ ցավոտ էջը և շարժվել առաջ»,- եզրափակել է Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում