Քաղաքական

«Պատմականորեն՝ մեր պետության գոյությունն ընդհատվել է՝ տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:

Նա նշել է, որ կուսակցության ծրագրում ունեն հետևյալ ենթավերնագիրը՝ «Կուսակցության գործունեության նպատակները», որտեղ արձանագրված է, որպես առաջին նպատակ, ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, սոցիալ-հոգեբանական պայմանների ապահովումը։

«Վերջին շրջանում մենք ինչ քննարկում ենք, ըստ էության, նաև՝ հրապարակային, կապված է մեր ծրագրային այս դրույթի հետ։ Ես կուզենամ ընդգծել մեր պետության հարատևության համար անհրաժեշտ իրավական, միջազգային, տարածաշրջանային, սոցիալ-հոգեբանական պայմանները, որովհետև իմ այսօրվա ասելիքը և նախորդ շրջանի ասելիքը, ըստ էության, կախված է և կապված է դրա հետ։ Հետևաբար, խնդիրը հետևյալն է, թե ինչպես, ինչ հայեցակարգի վրա հիմնվելով ենք մենք պատրաստվում ապահովել մեր պետության հարատևությունը»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա, իրականում, պարզ հարց չէ։ Այսինքն՝ «ինչպես ենք պատրաստվում գործերն այնպես կազմակերպել, որ մեր պետությունը միշտ լինի՝ որպես ՀՀ։ 

«Պատմականորեն՝ մեր պետության գոյությունն ընդհատվել է՝ տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։ Մեր Հանրապետությունների գոյությունն էլ է ընդհատվել։ Մեր առաջին Հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը 2 տարի։ Եվ մեր պատմական փորձի վերլուծությամբ պետք է հանգենք եզրակացության, թե ի՞նչ գաղափարներ, ի՞նչ հայեցակարգ պետք է դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվի մեր պետության հարատևությունը և անվտանգությունը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է՝ եկել է հետևության, որը հետևյալն է․ ՀՀ հարատևության, անվտանգության և հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով։ 

«Նկատի ունեմ, թե ո՞րն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը։ Կարծում ենք՝ հստակ և աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը, և մենք մեր քաղաքականությունը վարում ենք հենց այդ հենքի վրա։ 1991թ․ ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է»,- նշել է վարչապետը։ 

Սակայն, ըստ վարչապետի, սոցիալ-հոգեբանական առումով և շատ առումներով մեր ընկալումը միշտ չէ, որ այդպիսին է եղել։ 

«Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն լեգիտիմության վրա, սա մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, քանի որ սա, ըստ էության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, սահմաններն են, և երբ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են»,- ասել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ գտնվում ենք ականապատ դաշտում, որից դուրս գալու ճանապարհները շատ չեն և կարող է պարզվել, որ միայն մեկ ճանապարհ կա։ 

«Իշխող ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսվել հանրության հետ և այդ իրադրությունից դուրս գալու ուղիներ ցույց տալ։ Ցույց տալ նաև այդ ճանապարհի ռիսկերը, ռիսկերի կառավարման հնարավոր մեթոդները և գործիքները, դրա շուրջ ձևավորել հանրային համաձայնություն»,- ասել է վարչապետը։