Քաղաքական

«Առաջին անգամ հրապարակային պետք է նշեմ, թե որն է մեր հանցանքը»․ Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ հրապարակային պիտի ասեմ՝ եթե մենք հանցանք ենք գործել, մեր հանցանքը եղել է հետևյալը, որ մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որովհետև վերջին 20 տարում ում տեսել ենք, որ տուն մտել ենք, այդ սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը։ Պիտի հասկանայինք, որ սա ժողովրդի ուղերձն է։ Ժողովուրդը կառավարության գործատուն է, գործը չի անում, այլ պատվիրում է, թե կառավարությունն ինչ պիտի անի։ Եվ եթե բավարար չափով մեր ժողովրդի հետ կապված լինեինք, կհասկանայինք, որ այդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ 

Հետևաբար, ո՞րն է մեր հանցանքը․ որ մենք այդ ուղերձը բավարար խորությամբ չենք ընկալել և այդ ուղերձը չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու, որ մենք հասկացանք՝ խաղաղություն եք պատվիրում, բայց դրան հասնելու համար պետք է այս, այս, այս․․․ բայց դրանք լինելու են ահավոր տհաճ և ծանր։

Մենք չենք ասել 2 պատճառով՝ մեկը, որ ինքներս այդ ճանապարհը վստահելի չենք համարել և սոցիալ-հոգեբանական չենք կարողացել համակերպվել այդ իրողության հետ, իսկ երկրորդը՝ գուցե ենթագիտակցորեն այդ վախն ունեցել ենք, որ եթե այս ամենը անենք և ասենք՝ մեզ կասեն հանցագործ, դավաճան, հողատու։ Մենք այդ ամենը չարեցինք, բայց մեկ է՝ մեզ այդպես ասեցին»,- նշել է Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ հիմա արդեն շատ լավ գիտի ժողովրդի ցանկությունները, երազանքները և մղումները և պարտավորված է զգում այս բարդ իրավիճակում առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալուն և այս փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը հասցնել խաղաղ հանգրվանի։