«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ պատշաճ կերպով կապահովվի նրանց իրավունքներն ու անվտանգությունը: Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետի խոսքով, հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների տեղակայման պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։
«Հարկ է նշել, որ մեր երկխոսությունը գործընկերների հետ կրում է կառուցողական բնույթ։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխադարձ ընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է Գալուզինը: