Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվել է Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հաղորդագրությունից։
Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։
Միջոցառմանը ներկա են գտնվել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլք։
Կարճ ելույթներ են ունեցել Նատալյա Կալմիկովան, Վլադիմիր Կարապետյանն ու Դավիթ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։