Քաղաքական

«Եթե 100 տարի առաջ ինտերնետ լիներ, միգուցե հնարավոր լիներ խուսափել ցեղասպանությունից». Սուքիասյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում հայտարարել է, թե աշխարհում տրանսֆորմացիաներ են կատարվում թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ դիրքային առումով․

«Այն, ինչ մենք պատմության մեջ ունեցել ենք, դրա համար կարող են մեղադրել բոլոր ժամանակների իշխանություններին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք՝ դա որ պահից է սկսել․ 100 տարի առաջ, 200 տարի առաջ, կամ ինչու ենք ձախողվել։

Հիմա եկել է նոր ժամանակահատված։ Միգուցե 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, հնարավոր լիներ այդ ձևով ցեղասպանություն չունենայինք, որովհետև այդ ժամանակ կազմակերպված չեն եղել կուսակցությունները, որովհետև դրանից խայտառակ պատմություն աշխարհի շատ քիչ ազգեր ունեն, որ կարող են ցեղասպանվել, քաղաքական մի քանի կուսակցություն լինեն և չկարողանան կազմակերպել, դիմադրել ու պայքարել, ու այսօր մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում»,- ասել է նա։

Ըստ Սուքիասյանի՝ պետք է գիտակցել, որ ժամանակները բերում են նոր մտածելակերպ, նոր գաղափար՝ լինել մրցունակ ու ուժեղ․

«Իրոք ժամանակները փոխվել են ուրիշ մարտահրավերներ կան, ուրիշ ուժի գործիքներ։

Ամեն օր բարձրաձայն մեղադրում ենք, բոլորս էլ մեղավոր ենք, մեր պապերն էլ են մեղավոր, մեր պապերի պապերն էլ, որ մեզ ուժեղ պետություն ու տարածքներ չեն տվել։

Եթե մենք չփոխվենք, եթե նոր մտածելակերպով չշարժվենք առաջ, եթե չմտածենք 5-10 անգամ ավել բյուջե ունենալ և դրանով չշարժվենք առաջ, միշտ էլ խնդիր ենք ունենալու»,- ասել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն այսօր, համեմատած նախկին իշխանությունների ու այսօրվա ընդդիմության կառավարման ժամանակի հետ, տարբերվում է. «Գոնե մարդը կարող է ասել՝ մենք չկարողացանք, մենք ամբողջական իշխանություն չէինք, մեզ դժվար էր նույնն անել, ինչ դուք անում եք, այդ ժամանակ այդքան հասուն չէին»,- ասել է նա։