Քաղաքական

«Այսօր առավոտ էլ եմ նախարարի հետ այս թեմայով խոսակցություն ունեցել․ սա չի կարող կրկնվել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2023թ. համար սահմանվել է ձկան որսի 600 տոննա քվոտա. «Մարդիկ գալիս, դիմում են, քվոտայի դիմաց 1 կգ–ի համար 65 դրամ վճարվում է Սևան ազգային պարկ, պետական բյուջե։ Հասկանալի է, որ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է, և 600 տոննա քվոտայի դիմաց իրացրել ենք 566.1 տոննա ձուկ, բայց բոլորս գիտենք, որ իրական որսը այնտեղ կրկնակի շատ է։ Բայց նույնիսկ քվոտան, որի դիմաց վճարում պետք է ապահովվեր, 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովվել։ Սա անընդունելի բան է։ Բայց ավելի մեծ պրոբլեմ է, որ 2023թ. այդ ցուցանիշը ավելի է նվազել։ Եթե նախորդ տարի՝ 2022թ. 568 տոննա էր, 2023թ. դարձել է 390 տոննա։ Էլ չեմ ասում 65 դրամ գինը․ ո՞նց ենք որոշել, որ գինը 65 դրամ է, ոչ թե 100 դրամ»։ 

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ առավոտ էլ է նախարարի հետ այս թեմայով խոսակցություն ունեցել․ «Սա չի կարող կրկնվել։ Չգաք, ասեք...Ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ այդքանի նկատմամբ վճարում պետք է արվի։ Եթե չէ, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»,- ասել է նա՝ դիմելով ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին։

Նախարարն էլ ասել է, որ իրենք քննում են այդ հարցը։

«Ենթադրությունը որն է․ մտնում, առանց թույլտվության ձկնորսություն են անում, ոչ ոք չի վերահսկում։ Շատ ուղիղ փաստ է»,- արձագանքել է վարչապետը՝ շեշտելով, որ արվել է 600 տոննան գերազանցող որս. «Չենք գնո՞ւմ էդ 65 դրամի հետևից»։ Վարչապետը նշել է, որ հակառակ դեպքում պետք է հիմնավորվի, որ ոչ թե 600 տոննա, այլ ավելի քիչ ձուկ են որսացել Սևանում։