Քաղաքական

«Հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Որևէ մեկը չի պնդում, որ Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. դա փաստ է։ Նաև պետք է արձանագրենք և ֆիքսենք՝ մե՞նք ինչպես ենք, հասկանալի պատճառներով, գոնե վերջին 100 տարում տրամադրված եղել մեր հարևան երկրներին։ Նույն կերպ թշնամաբար ենք տրամադրված եղել և թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների նկատմամբ։ Իրենք էլ մեզ են այդպես ընկալում»,- այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հարցնելով. «Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու»։

«Ասում եք, որ մենք թուրքական, ադրբեջանական բաներ ենք բերում։ Ոչ, իրականությանը չի համապատասխանում։ Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրել հետագա զարգացումներից, որին երկիրը պատրաստ չէ ու չի էլ կարող պատրաստ լինել՝ էլի օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Դա է ընդամենը։ Կա իրողություն, որն ստեղծվել է պատերազմից հետո։ Ես հաճախ ասել եմ, որ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին համընկնում է, կապ եմ տեսել դրա մեջ, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից»,- ասաց նա։

Սիմոնյանը նաև նշեց, որ այս իրավիճակից, հնարավոր է, օգտվում են, ու իրենք՝ ընդդիմությունն ու իշխանությունը, չեն նկատում. «Երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալներն ունենք, մենք էլ մեր սխալներն ունենք։ Իսկ կարո՞ղ է՝ այդ սխալների մեջ մտնում է այն բանը, որ օգտվում ենք, չենք նկատում և ջուր ենք լցնում նրանց ջրաղացին։ Անում ենք այդ բանը՝ չհասկանալով։ Բավական է մի հատ ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե՛ մենք, թե՛ դուք վերցնում ենք այդ նարատիվը և կառուցում ամբողջ գործընթացը․ դուք ասում եք՝ դուք եք վերցրել, մենք ասում ենք՝ չէ, դուք եք վերցրել, ու փորձում ենք արդարանալ»։

Սիմոնյանը հորդորեց դադարեցնել այդ ամենը, որ թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին ջուր չլցվի։