Քաղաքական

«Որ ասում եք՝ փայ մտնել, ոչ մեկը սեփականությունից չի զրկվել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մի ժամանակ պետության գույքն էր անհատույց տրվում, հիմա պետությանն է անհատույց տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ՝ երբ այդ պրոյեկտներն իրենց հիմքում լեգիտիմության խնդիր ունեն»․ պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

Նա վստահեցրել է նաև, որ փայ մտնելու հարց չկա․ «Ոչ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել»։

Ըստ վարչապետի՝ նոր սեփականատերերը, հասկանալով ներքին լեգիտիմության հետ կապված պրոբլեմները, չեն ուզել ներքին բախում ունենալ. «Ասում են՝ այս ընկերությունները իրենց թիկունքում պատմություններ ունեն, չեն ուզում դրա բեռը կիսել իրենց բիզնես–հեղինակության հաշվին, չեն ուզում լինել վատ պատմության ժառանգորդը։ Ուզում են՝ կառավարությունն իրենց կողքը կանգնի, որ բոլորը տեսնեն, որ ինքը երկրից տանող չի, երկրին բերող է»։