Քաղաքական

ՏԿԵ նախարարը՝ փոսալցման խնդրի և այն իրականացնելու ժամկետների մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Երևանում և դրանից դուրս ճանապարհներին փոսերի խնդրին և խոսել լուծումների մասին։

Սանոսյանի խոսքով՝ կա երկու՝ ամառային և ձմեռային պահպանության ռեժիմ, և այդ աշխատանքները պլանավորվում են հիմնականում ապրիլից մինչև նոյեմբեր հատվածում, որպեսզի ձմռանը պատշաճ ծառայեն.

«Կան որոշակի նորմատիվ կարգավորումներ՝ կապված ճանապարհի վիճակին։ Ճաքալցում է պետք կատարել․ եթե մինչև 5 սմ են այդ փոսերը, ապա այլ բնույթի վերանորոգման ենթակա գործ է։ Իրական կարգավորումն այն է, որ ճանապարհն սպասարկող ընկերությունն իր հատվածը պետք է ենթարկի այդ նորմերով վերլուծության և ըստ այդմ կատարի աշխատանքն ու դրա համար վճարվի»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ փոսալցման աշխատանքները սկսվում են ապրիլի սկզբից՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց եթե նման խնդիր է ծագում ձմռանը, կարող են այլ նյութերով լուծում գտնել, մինչև եղանակը թույլ տա իրականացնել փոսալցման աշխատանքներ։