Քաղաքական

«Մինչև «Հայաստան» դաշինքը չասի, որ արել ենք «Մարտի 1», ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում Դաշնակցությանը․

«Պետք է ասեմ, որ դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունեմ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, բայց դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը, ոչ թե մենք։ Որովհետև․ ի՞նչ եք արել վերջին 30 տարում ՀՅԴ վարկանիշի հետ։ Ո՞նց ստացվեց այնպես, որ այս գումարման ԱԺ-ում ՀՅԴ կազմն ամենամեծն է, այն էլ՝ պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո դաշինքի միջոցով։ Ո՞նց էր ստացվել, որ ՀՅԴ-ն, 90-ականներից, գնալով մսխեց իր վարկանիշը։ Մի հատ վերաիմաստավորեք, պարզեք»,- իր ելույթում նշել է նա։

Ալեն Սիմոնյանը նաև կոչ է արել քննարկել Դաշնակցության պահվածքը 2008թ․ մարտի 1-ից հետո, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը․ «Գիտենք, չէ՞, որ փոխմարզպետների պաշտոններ էին բացվում, որ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին պաշտոն տրվի, նախարարություններ էին բացվում»։ 

Ալեն Սիմոնյանը նաև ասաց. «Մինչև այն պահը, երբ դուք՝ «Հայաստան» դաշինքը, բարձրաձայն չի գա ու ասի, որ, այո՛, արել ենք այս սխալները, արել ենք «Մարտի 1», կեղծել ընտրություններ, սա, սա, սա, ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու: Եթե նոր ընտրություններ լինի, ես չգիտեմ, ՔՊ-ն կարող է շատ քիչ ձայն ստանա, բայց վստահ եմ՝ ՀՅԴ-ն նույնպես այդ խնդիրն ունենալու է և չի անցնելու ԱԺ»։