ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախաձեռնությանը։ Ըստ նախարարի՝ քննարկումներից ինքը հանգել է մի եզրակացության, որ առարկայի անվանումը մասնագիտական տիրույթի խնդիր չէ.
«Հայոց պատմություն» առարկան, որ ուսուցանվում էր, պետք է ունենար կոնկրետ նպատակ։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն։ Սա բոլորովին չի նշանակում, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որ կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենևին բովանդակության մասին չէ։ Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից։ Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը, և երբ ես ասում եմ՝ պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ, պետք է շեշտադրեմ այն, որ տարբեր երկրներում է ուսուցանվում. ամեն երկրում պատմության ուսուցանումը առաջին հերթին այդ պետության երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է»,- ասել է նա՝ հավելելով, որ առանցքային է, որպեսզի պատմության ուսուցանումը կառուցվի պետության առանցքի շուրջ։
Նա նաև նշել է, որ նաև այսօրվա դասագրքերն են պետական մտածողության բացակայություն սերմանում աշակերտների մոտ։