ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելուց հետո միայն խաղաղության պայմանագիր կնքելու հայտարարությունները․
«Սահմանադրական բարեփոխումներ և փոփոխություններ պետք է իրականացվեն, և իրականացվելու են բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք սահմանադիրներ չեք։ Սահմանադիրը ժողովուրդն է»,- ասել է նա։
Անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը՝ նա ասել է. «Նոր սահմանադրությունը նշանակում է նոր ամբողջական ընթացակարգ։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի՝ նոր թե փոփոխված, պահպանվում են ցանկացած սահմանադրության տեքստում, որովհետև համարվում են ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որի հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»։