Լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ, Հանրային ռադիոյի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ. «Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունն է»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ եթե մենք ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ հարց է ծագում. ինչո՞ւ պետք է ուրիշները թույլ տան, որ այդ բանակը հզորանա։
«Չպետք է աշխարհին հղենք այդպիսի ուղերձներ։ Լեգիտիմության հարցն իսկապես, կարևոր եմ համարում։ Լեգիտիմ՝ միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան և ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, այլ միջազգային տեսակետից։
Եթե մեր ներքին և արտաքին ընկալման մեջ դիսոնանս կա, դրա մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը: Այդ սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել, որպեսզի խզում չառաջանա այս երկուսի մեջ, և այդտեղ չառաջանա այն նեգատիվ էներգիան, որը բերում է անվտանգային սպառնալիքի և դրա իրագործման»,- նշել է Փաշինյանը: