ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է նոր սահմանադրության ընդունման շուրջ քննարկումներին։ Նա նշել է, թե Սահմանադրության լեգիտիմությունը չի կարող կասկածի տակ դնել, քանի որ հիմա բոլորս գործում ենք ըստ Սահմանադրության։
«Ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, և հասարակական զարգացման փուլում կարիք է առաջացնում սահմանադրի կարծիքի, սահմանադրի քվեի առկայության պարագայում փոփոխելու կամ վերանայելու: Այս տեսանկյունից ՀՀ-ն ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև նոր Սահմանադրության տեքստի մասով: Ի վերջո, որոշողը ոչ միայն ես եմ և դուք, այլև այն սահմանադիրն է, որը քվեարկելու է հանրաքվեին այս կամ այն Սահմանադրության օգտին»,- ասել է նա:
Խոսելով նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, Վարդանյան ասել է. «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, ապա ժողովուրդն է որոշելու, թե այնտեղ ինչ տեքստ է լինելու»: