Քաղաքական

Ադրբեջանում Ամուլսարի դեմ բողոքող բնապահպաններին աջակցող հայտարարություն են ընդունել

«Հիանալի ենք համարում Հայաստանում հասարակական կազմակերպությունների և էկոակտիվիստների բողոքը կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների համար լուրջ վտանգ ներկայացնող Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի Շրջակա միջավայրի պահպանության առաջին կոալիցիայի անդամ, փոխնախագահ Ամին Մամեդովը։

Այս մասին հայտնում է APA.az գործակալությունը։ 

Նա նշել է, որ տեղեկացել է հայաստանյան լրատվամիջոցներից, և անհրաժեշտ համարել, որպես ՀԿ, հայտարարություն տարածել և աջակցություն հայտնել իրենց։

«Փաստորեն, դեռ անցյալ տարվա հունիսին, երբ Հայաստանը ցանկանում էր գործարան կառուցել Նախիջևանի սահմանին, մենք բազմաթիվ հայտարարություններ էինք տարածել։ Ցավոք սրտի, Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից սրա վերաբերյալ արձագանքներ չեղան։ Բայց հիմա այս արձագանքի առկայությունը ցույց է տալիս, որ մեր հայտարարությունները դիտել են նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո պարզեցին, որ իսկապես գործողություններ են արվում, որոնք վնասում են մարդու առողջությանը»,- ասվում է հայտարարության մեջ: