Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այսօր ստորագրվել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդ համաձայնագրի ստորագրումն անվանել է հայ-վրացական հարաբերությունների հանգրվանային իրադարձություն. «Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարվա մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը»։
Նա շեշտել է նաև, որ չպետք է սահմանափակվել սրանով. «Քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք հանձնարարել համապատասխան գերատեսչություններին՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»։
Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Վրաստանի մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում է սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։