Կիրակի, 3 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան 1 ℃

Рус Eng

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի 100-ամյակն է

Ռետրո

26 Հունվարի, 19:30

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի 100-ամյակն է։ Ղազարյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից տարիքով ամենամեծն էր. 1988թ. նա 64 տարեկան էր, երբ միացավ Կոմիտեին։ ԳԱԱ ակադեմիկոս էր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Նա ծնվել 1924թ. հունվարի 26-ին ՌՍՖՍՀ Կուբանի մարզի Արմավիր քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտը՝ ռադիոինժեների որակավորմամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ լաբորատորիայի վարիչ: 

1989 թվականի հունվարին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։

Ընտրվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր:

1990 թվականի փետրվար-հուլիսին եղել է ՀՀ ԳԽ փոխնախագահ։

1990-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ռաֆայել Ղազարյանը մահացել է 2007թ. Երևանում՝ 83 տարեկան հասակում։

Ռաֆայել Ղազարյանի 100-ամյակի առթիվ ներկայացնում ենք մեջբերումներ նրա «Հաշվետու եմ» գրքից.

«Արցախյան շարժումը կյանքի կոչեց խաղաղ պայքարի, թվում էր` ընդմիշտ ճնշված (նաև դաժանորեն՝ Նովոչերկասկի բանվորների խաղաղ հավաքի գնդակահարումը Խրուշչովի օրոք), միջոցները` զանգվածային հանրահավաքները, գործադուլները, դասա-և հացադուլները, թռուցիկները…

Կրկնում եմ՝ շարժումը և նրա զինանոցը «գլասնոստի» հետևանք են: Չլիներ Արցախը, կպայթեր մեկ այլ «տաք» կետում:

Անշուշտ, շարժումը իր ազդեցությունը ունեցավ միությունում ծավալվող պրոցեսների վրա: Կարծում եմ` մեր և մերձբալթիացիների ազգային ազատագրական պայքարը խթանեց նման խնդիրների առջև կանգնած ազգային փոքրամասնությունների ակտիվությունը: Ինչ վերաբերում է 2-րդ` հակաբյուրոկրատական փուլին, ապա այն արձագանք գտավ ողջ Միությունում, առաջին հերթին` մտավորականության շրջաններում, ինչը, ի վերջո, հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տրտնջում էինք. «Մեզ անկախությունը արյունով տրվեց, մյուսներին՝ երկնքից իջավ»: Այո՛, մեզ էլ անարյուն կտրվեր, եթե արդեն սկիզբ առած չլիներ Արցախյան շարժումը, սակայն այդ դեպքում՝ առանց Արցախի: Քանի որ շոշափվեց անկախության կարևորագույն թեման, ավելորդ չեմ համարում անդրադարձը մի ուսանելի երկխոսության»։

«Հիշենք` հսկա երկրի հոգևարքն ավարտվում է նրա շռնդալից փլուզումով: Իշխանափոխություն կենտրոնում, նաև Հայաստանում: Մեկը մյուսի ետևից կտրվում են արտադրատնտեսական կապերը: Խախտվում է պետական կառույցների նորմալ գործունեությունը: Հատկապես ծանրանում է Հայաստանի վիճակը. շրջափակում, էներգետիկ «սով»: Կանգ են առնում երկրաշարժից տուժած շրջանների վերականգնողական աշխատանքները: Հարյուր հազարավոր տուժածներ դեռ վրաններում են կամ արտերկրում: Փախստականների բանակ: Արյունոտ սադրանքներ Ադրբեջանի կողմից, ի վերջո՝ պարտադրված պատերազմ: Կենտրոնացված կառավարմամբ «քեոփսյան բուրգի» փլուզումից հետո հաստատված տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում իրենց գլուխն էին կորցրել անգամ անհամեմատ ավելի բարվոք պայմաններում հայտնված հանրապետությունների փորձառու այն ղեկավարները, ովքեր, փոխելով զբաղեցրած պաշտոնի անվանումը, պահպանել էին աթոռը: Առավել ևս չես նախանձի ղեկավարման փորձից զուրկ իշխանության եկած թիմին: Ստիպված էինք արտաքին և ներքին լարվածության վիճակում անհապաղ արձագանքել գլխներիս ծառացած բազում պրոբլեմներին: Ընդ որում պետականա-և բանակաշինության առանցքային գերխնդիրների, ինչպես և սոցիալ-տնտեսական լուծումների պատասխանատվությունը ծանրացել էր հիմնականում նախագահի (Լևոն Տեր-Պետրոսյանի), վարչապետի (Վազգեն Մանուկյանի), անվտանգության ոլորտը տնօրինող Աշոտ Մանուչարյանի, մի փոքր ուշ` նաև Վազգեն Սարգսյանի ուսերին (և այս կամ այն չափով կոմիտեի մյուս անդամների և այլ ակտիվ գործիչների վրա): Այս իրադրության մեջ մեղադրել որևէ մեկին քրիստոնեական այս կամ այն պատվիրանը խախտելու համար, մեղմ ասած, արդարացի չէր լինի: Եղել են սուր, ճակատագրական պահեր: Բերենք մեկ օրինակ. 91-ի օգոստոսյան պուտչի օրերը: Չէի ցանկանա այդ օրը հայտնվել Լևոնի տեղում: Ի վերջո, գերլարված, օր տևած նրա սպասողական տակտիկան, որն իմ մեջ դժգոհություն էր առաջացրել, պարզվեց՝ ճիշտ լուծում էր»:

լուսանկարները՝ «Մեդիամաքս»-ի

Պատրաստեց՝ Արման Գալոյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում