Քաղաքական

Միրզոյանը ՌԴ գործընկերներին հորդորել է ճիշտ վերարտադրել պատճառահետևանքային կապերը

Միրզոյանը ՌԴ գործընկերներին հորդորել է ճիշտ վերարտադրել պատճառահետևանքային կապերը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և, այս համատեքստում, ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե Պրահայում Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, որից հետո իրենց ոչինչ չէր մնում, քան նույնկերպ վարվել։

Միրզոյանը նշել է, որ այս պնդումը եղել է և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային․ «Չեմ դադարի վերաշարադրել դեպքերի հաջորդականությունը»,- ասել է նա՝ հավելելով․ «2022թ. սեպտեմբերին ՀՀ-ն դիմում է ՌԴ գործընկերներին, որտեղից ստանում է հետևյալ պատասխանը. ՀՀ-ի այդ հատվածի սահմանագծերը հստակ չեն, հետևաբար ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով է խախտվել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Ըստ նախարարի՝ դրանից հետո 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվում է քառակողմ հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծումը պետք է ընթանա Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա Հայաստան-Ադրբեջան սահման։

Նախարարը ռուսաստանցի գործընկերներին հորդորել է ճիշտ վերարտադրել պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրական հաջորդականությունը և հայկական կողմին չվերագրել բաներ, որոնցում Հայաստանը մեղավորություն չունի. «Ճիշտ հակառակը. ինչպես կարող եք դատել ներկայացրածս դրվագից, կային ակնկալված և ենթադրվելիք գործողություններ այլոց կողմից, և դրանց բացակայության պայմաններում ՀՀ կոնկրետ քայլերի ձեռնարկում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական