Քաղաքական

Դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի անունները հանել անցանկալի մարդկանց ցանկից

Դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի անունները հանել անցանկալի մարդկանց ցանկից

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է, որ վարչական դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցրել է Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։

«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ   Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝  պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից»,- ասվում է Արծվիկ Մինասյանի գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել էր, որ «Նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- ասվում էր վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ։

Աշխատակազմից հայտնել էին նաև, որ հարձակման ակտիվ բոլոր մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական