«Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի սենատի կողմից այսպիսի բանաձևի ընդունումը, իհարկե, ողջունելի է և հնարավորություն է՝ արտաքին տարբեր քաղաքական ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերել, և, ինչու ոչ, օգտագործելով այս հանգամանքը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծել». խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևին։
Աբրահամյանն անդրադարձավ նաև Իրան-Պակիստան լարվածությանը՝ նշելով, որ դա կարող է փոխանցվել մեր տարածաշրջան, ինչը հղի է վտանգով․ «Եթե այս ամենին զուգահեռում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տեղի ունեցող ետընթացը, որոշ դեպքերում՝ այդ խաղաղության գործընթացի տորպեդահարումը, ապա իրավիճակն՝ իր մուգ գույներով և խտացմամբ, շատ ավելի վատ երանգներ է ստանում»։