«Երեկ Նիկոլ Փաշինյանը չխոսեց բանակցային սկզբունքների մասին». այս մասին այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին, թե Ալիևի հռետորաբանությունը խաղաղության օրակարգը տապալելու դիտավորություն է, թե ոչ, ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ վարչապետը խոսում է տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում է և հակադարձում, իսկ հայկական կողմից չկա սկզբունքների շուրջ հստակ մոտեցում։
Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Մինասյանը նշեց, որ պետք է քննարկվի ոչ թե Մեղրիի երկաթգծի և ճանապարհային խաչմերուկի գաղափարը, այլ, որպես լավագույն լուծում, Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան գիծը, որտեղ հայկական իրավասության տակ է գտնվելու շուրջ 320 կմ, իսկ ադրբեջանական իրավասության տակ՝ մոտավորապես 360 կմ. «Այս դեպքում, ցանկացած որոշում որևէ կողմ չի կարող միակողմանիորեն կայացնել և չազդել մյուսի վրա»։
Ըստ նրա՝ այսօր քննարկվող տարբերակը հայկական կողմին, լավագույն դեպքում, մինչև 45 կմ ճանապարհ է տալու, իսկ ադրբեջանական կողմին՝ 650-700 կմ. «Այսինքն, ցանկացած պահի Ադրբեջանն, ինչ կուզենա, կարող է անել»։
Մինասյանը նաև նշել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացներում էական նշանակություն ունի սահմանամերձ գյուղերում անվտանգության նվազագույն պայմանների ստեղծումը. «Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության պայմաններում չի կարող սահմանագծման շուրջ որևէ համաձայնություն լինել»։