Քաղաքական

«Հայաստանը պատերազմի օրակարգ չունի». Արթուր Հովհաննիսյան

«Հայաստանը պատերազմի օրակարգ չունի». Արթուր Հովհաննիսյան

«Խաղաղության օրակարգն առաջին իսկ օրվանից խնդիրների է հանդիպում թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում». խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության օրակարգը դիտավորյալ խաթարելուն չեն միտված։

Պատգամավորն արձանագրեց, որ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգն է, և այս օրակարգով առաջ են շարժվելու։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամենասկզբից էլ հասկացել են և ժողովրդին էլ փոխանցել, որ հեշտ չի լինելու. «Մենք հանդիպում ենք խոչընդոտների՝ հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից, և կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ սա փորձ չէ՝ փակուղի տանել խաղաղության օրակարգը։ Եթե անգամ սա Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը փակուղի տանելու փորձ է, դա մեզ որևէ կերպ ետ չի պահելու մեր քաղաքականությունից, մեր օրակարգից»։

Ըստ Հովհաննիսյանի՝ խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է. «Հայաստանը պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, և մենք շարժվում ենք այս ճանապարհով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական