«Դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ». արձագանքել է վարչապետը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն նկատառմանը, թե կառավարության ղեկավարն ԱԺ-ում դասղեկ չի․ «Եթե չենք ուզում դասղեկի բնազդներ արթնացնել, եկեք լուրջ վերաբերվենք»,- ասել է նա։
Վարչապետը, ի պատասխան խաղաղության օրակարգի մասին հարցի, նշել է. «Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ»։
Վարչապետը նաև ասել է, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի, քանի որ Ալմա Աթայի հռչակագրով միութենական հանրապետությունների վարչական սահմանները վեր են ածվել պետական սահմանների. «Սա է պատճառը, որ ասում ենք՝ դելիմիտացիայի գործընթացը նոր սահման չի ստեղծելու, որովհետև, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ սահմանները պետք է վերարտադրվեն քարտեզների ու թղթի վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի»։