ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին․
«Բանակցությունից դուրս գալ՝ նշանակում է ասել, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Այդպես ճիշտ չէ, և մենք այդպես չենք շարժվում առաջ: Մյուս կողմից, պատրաստվել խաղաղության՝ չի նշանակում զենքերը հանձնել ու հանձնվել»,- ասել է նա:
Ըստ Պապոյանի՝ խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել նաև բանակի մարտունակության բարձրացում․ «Մենք ուզում ենք, որ և Հայաստանը, և Ադրբեջանը չունենան տարածքներ, որոնք Ալմա–Աթայի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քարտեզով անկախացել են ԽՍՀՄ-ից և մենք ուզում ենք, որ դրվեն այդ քարտեզները, այնուհետ դրանց կոնկրետ կոորդինատները, և տեղում գնա հանձնաժողով և ասի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանը այսինչ գյուղի մոտ անցնում է այստեղով»,- նշել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի ներկայացրած քարտեզները, պատգամավորը հակադարձել է. «Թող Ադրբեջանն առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածություն: Կարելի է բերել մ.թ.ա. երկրորդ դարի քարտեզ․ դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի քարտեզը․ դա էլ լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ, կամ ԽՍՀՄ կազմում եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել: Մենք հիմա ասում ենք 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ: Այդ քարտեզը պետք է հաստատված լինի Ադրբեջանական ՍՍՀ, Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդների կամ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի կողմի: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի»: