«Ինչու՞ եք կռիվ անում, չեմ հասկանում»,- կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով նախարարներ Նարեկ Մկրտչյանին ու Ժաննա Անդրեասյանին. «Եթե մեր ծրագրերը մինչև 6 ամիս են, ինչու՞ եք գրել մինչև 5 ամիս։ Կամ տվեք բացատրություն, որ դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք՝ շատ լավ, կդարձնենք 6 ամիս։ Թե չէ՝ ևս 3 ժամ կքննարկենք՝ 5 ամիս 1 օր կա, 5 ամիս 2 օր կա․․․»։
«Ես 2 նախարարի հարց եմ տալիս և պատասխանների մեջ տեսնում եմ 1 ամսվա անհամապատասխանություն։ Դուք նույն երկրի երկու տարբեր նախարարություններ եք, չէ՞․ տարբեր երկրներից չեք։ Ասում եմ՝ մի ամսվա անհամապատասխանություն կա։ 2 ամիս հետո գալու եք, չզեկուցվող հարցերի փաթեթում բերելու եք որոշման նախագիծ՝ առաջարկելով 5 ամիս բառերը փոխարինել 6 ամիս բառերով»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար մասնագիտական ուսուցման հնարավորություն կընձեռվի։ Առաջարկվում է մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով կվճարվի 50․000 դրամ ուսման վարձ և 50.000 դրամ կրթաթոշակ։