ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում Հայկ Սարգսյանին հարցրել է՝ արդյո՞ք ներկայացրած օրինագծով բացասական վարքագիծ չի մտցնում։
Օրենքի նախագծով Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնել զինվորական ծառայություն՝ միաժամանակ պետբյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
«Ես այս օրենքի ոգու հետ համաձայն չեմ։ Այսպիսի հարց չի՞ առաջանում, թե այս օրենքն ընդունելու դեպքում որտեղ են հայտնվելու պատանիները և 23-24տ․ երիտասարդները»,- ասել է Աղազարյանը՝ հավելելով,- «12 տարեկան տղայի հայրը չի՞ մտածի, որ 15 տարի հետո մեկ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ և նմանատիպ օրենք կընդունի։ Չե՞ք անհանգստանում, որ Դուք բացասական վարքագիծ եք մտցնում պատանիների և երիտասարդների շրջանում»։
Աղազարյանը խոստացել է ամեն ինչ անել, որ այդ օրենքը չընդունվի։