ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին․
«Պայմանավորվածությունները, որ հայկական կողմը շարունակաբար արձանագրում է խաղաղության համաձայնագրում, պիտի ընդունվեն Ադրբեջանի կողմից։ Եթե դրանք չեն ընդունվում, նշանակում է՝ պայմանագիրը տվյալ պահին չի կարող ստորագրվել։
Հայաստանը շարունակելու է պնդել սկզբունքները, և ենթադրում եմ՝ պայմանագրի վերջին տարբերակում, որ ուղարկվել է Բաքու, տեղ են գտել դրույթներ, որ մեզ համար շատ սկզբունքային են»։
Նա նաև նշել է, որ երբ այն սկզբունքները, որոնք արտահայտվում են խաղաղության պայմանագրի մեր տարբերակում, Ադրբեջանի կողմից ևս ընդունելի լինեն, այդ ժամանակ պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել․ «Այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»։
Խանդանյանը խոսել է ապաշրջափակման գործընթացի մասին՝ շեշտելով, որ դա կարևոր է. «Բայց այդ գործընթացն ունի սկզբունքներ. Դրանք են՝ երկրների իրավազորությունը, օրենսդրությունը, փոխադարձությունն ու հավասարությունը։ Այդ սկզբունքները պետք է արձանագրվեն համաձայնագրում և բանակցությունների ընթացքում, որոնց շուրջ, ըստ էության, եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ խոսելն անընդունելի է․
«Այս սկզբունքների շրջանակներում իսկապես հնարավոր է նախատեսել ավտոմեքենաների, գնացքների, քաղաքացիների անցման որոշակի դյուրացումներ, որ այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե մեզ մոտ, թե Ադրբեջանում, հնարավոր լինի կառավարել»։